ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավար Լ․ Յայլոյանս, ուսումնասիրելով ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի 18-րդ փողոց, 80 տուն հասցեի բնակիչ Հովհաննես Սուրենի Մկրտչյանի նկատմամբ հարուցված թիվ 11/25 վարչական վարույթի գործը՝ պարզեցի, որ․
ՀՀ Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի կողմից՝ վարչական իրավախախտումների դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման անձնակազմը՝ այսուհետ անձնակազմ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1–ին մասի «բ» կետի հիմքով Հովհաննես Սուրենի Մկրտչյանի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ, քանի որ վերջինս սեփականության իրավունքով իրեն պատկանող, ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի վարչական տարածքում գտնվող 04-021-0008-0011 և 04-021-0008-0012 կադաստրային ծածկագրերով հողամասերի վրա առանց համապատասխան թույլտվության կատարել է ինքնակամ շինարարություն /ջերմոցի կառուցում/։
Հովհաննես Սուրենի Մկրտչյանի կողմից իրականացվել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված խախտում, որն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Վարույթի հարուցման համար հիմք էր հանդիսացել ՀՀ Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ հանձնաժողովի կողմից կազմված արձանագրությունը, տեղազննման ակտը, տարածքի լուսանկարները։
Վարչական վարույթ հարուցելու մասին ծանուցագիրը Հովհաննես Սուրենի Մկրտչյանին ուղարկվել էր փոստային առաքմամբ 2025 թվականի մարտի 12-ին։ Համաձայն «Հայփոստ» ՓԲ ընկերության հետևել բեռնային համարով LO126980775AM առաքանու մանրամասների՝ 2025 թվականի մարտի 14-ին ծանուցագիրը հանձնված է եղել ստացողին։ Հովհաննես Սուրենի Մկրտչյանը պատշաճ ծանուցվել է, սակայն չի ներկայացել վարչական վարույթի լսումներին։
Վերոգրյալից և վարչական վարույթի շրջանակներում պարտադիր լսում իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2–րդ մասի «ա» կետով, որի համաձայն՝ վարչական մարմինը կարող է կասեցնել վարչական վարույթը, եթե՝ «վարչական ակտի հասցեատերը բացակայում է, և վարչական մարմինը, նախքան վարչական ակտ ընդունելը, անհրաժեշտ է համարում նրա ներկայությունը` վարույթին առնչվող որոշ կարևոր հանգամանքներ նրանից պարզելու համար․», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի կատարումն ապահովելու նպատակով, Խոյ համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 25-ի N 303-Ա որոշմամբ Հովհաննես Սուրենի Մկրտչյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կասեցվել է։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49–րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ պարբերությամբ, համաձայն որի՝ «Սույն հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերով, ինչպես նաև 2-րդ մասով նախատեսված դեպքերում վարչական վարույթը վերսկսվում է դրա կասեցման հիմք դարձած հանգամանքները վերանալուց հետո, բայց ոչ ուշ, քան կասեցման մասին որոշում ընդունելու օրվանից հետո 60 օրը լրանալը», Հովհաննես Սուրենի Մկրտչյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը համարել վերսկսված:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
ՀՀ Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ հանձնաժողովի կողմից կազմված արձանագրությունը, տեղազննման ակտը, տարածքի լուսանկարները։
Խոյ համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 11-ի վարչական վարույթ հարուցելու մասին N 11 ծանուցագիրը։
Խոյ համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 25-ի «Հովհաննես Սուրենի Մկրտչյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կասեցնելու մասին» N 303-Ա որոշումը և այն փոստային առաքմամբ ուղարկած լինելու փաստը հավաստող LO127229921AM կոդով ստացականը։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը՝ վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Հովհաննես Սուրենի Մկրտչյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի վարչական տարածքում գտնվող 04-021-0008-0011 և 04-021-0008-0012 կադաստրային ծածկագրերով հողամասերի վրա առանց համապատասխան թույլտվության կատարել է շինարարական աշխատանքներ /ջերմոցի կառուցում/։
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Խոյի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում, որը 2025 թվականի մարտի 25-ին կասեցվել էր՝ Հովհաննես Սուրենի Մկրտչյանը չի մասնակցել վարույթի լսմանը և չի դիմել լսում իրականացնելու համար, որին մասնակցելու նպատակով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29․1-րդ հոդվածի համաձայն, պատշաճ ծանուցվել էր վարչական վարույթի անցկացման վայրի և ընթացակարգի մասին։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ապացուցված կարելի է համարել, որ Հովհաննես Սուրենի Մկրտչյանի կողմից կատարվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտում և վերջինս սույն դեպքում հանդիսանում է իրավախախտման սուբյեկտ:
Արդյունքում Խոյի համայնքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ հանձնաժողովի կողմից առաջարկվել է իրավախախտող Հովհաննես Սուրենի Մկրտչյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել վարչական տուգանք ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի վերը նշված դրույթի խախտման չափով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100․000 / հարյուր հազար/ ՀՀ դրամ:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալտնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 4-րդ պարբերության «ա» կետի՝ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան շինարարության թույլտվության հիման վրա:
Համաձայն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի՝
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքները գյուղական բնակավայրերում իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի և 6-րդ հոդվածով, 4-րդ պարբերության «ա» կետով, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Իրավախախտող Հովհաննես Սուրենի Մկրտչյանի նկատմամբ նշանակել տուգանք` 100․000 / հարյուր հազար/ ՀՀ դրամ:
2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքը պետք է վճարվի սույն որոշումն իրավախախտում կատարողի կողմից իրազեկվելուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում` ֆինանսների նախարարության 900325188150 հաշվեհամարին։
3. Սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով:
4. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ, 73–րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից՝ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։